Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան

1․ Կարդացե՛ք պոեմի 1-3-րդ սուրահները ր անծանոթ բառերը համացանցի օգնությամբ բացատրե՛ք։

ջեննաթ – դրախտ (մահմեդական կրոնում)

քյոշքից-

նանրամիտ-դատարկամիտ

պագշոտ- ցանկասեր

Եղկելի-գարշանք


2․ Համացանցից դո՛ւրս գրեք Աբու ալ-Ալա ալ -Մաարրի մասինայնպիսի տեղեկություններ, որոնք հետաքրիր եք համարում։ / Աբու ալ-Ալա ալ -Մաարրիի կերպարն ընկած է այս հերոսի ստեղծման հիմքում/։

Սիրիացի Աբու ալ-Ալա ալ-Մաարին (973-1057) արաբական դասական պոեզիայում իր տեղն ունի: Նրա ստեղծագործություններն համարվում են ոչ միայն միջնադարյան արաբական պոեզիայի գլուգործոցներ, այլև` արաբամուսուլմանական խալիֆաթի բարդ ու բազմատարր մշակույթի յուրահատուկ միաձուլում:
4 տարեկանում ծաղկախտ հիվանդությունից աչքերը կուրանում են, ինչը, սակայն, նրան չի խանգարում ուսումնասիրել Ղուրանը, աստվածաբանությունը, մուսուլմանական իրավունքն ու ավանդույթները, արաբական պոեզիայի պատմությունն ու հունական փիլիսոփայությունը, այն ամենը, ինչն անհրաժեշտ էր միջնադարյան կրթված, զարգացած մուսուլմանի համար: Միջնադարյան արաբական աղբյուրներից հայտնի է, որ երիտասարդ տարիներին Աբու ալ-Մաարին ճանապարհորդել է Սիրիայում, հետո մեկնել Բաղդադ, ուր մնացել է կես տարի, ինչը նշանակալից ազդեցություն է թողել նրա աշխարհայացքի վրա: Մոր հիվանդության, ապա մահվան լուրը ստիպել է նրան վերադառնալ հայրենի գյուղ, ուր մինչև կյանքի վերջն ապրել է մեկուսացած կյանքով:


4․Դուրս գրեք այն հատվածները․

  • որոնք գեղարվեստորեն ձեզ դուր եկան,

1)Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու, 
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն – ատելությամբ սրիտս է եռում:

2)Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ, 
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ:

Դու տենչացել ես լույս – ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
 Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-

3)Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ`
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

4)Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի, Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

  • որտեղ արտահայտված մտքերի հետ դուք համաձայն եք։

5․ Դո՛ւրս գրեք 5-ական պատկերավորման միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Մակդիր-նիրհած գիշեր,ոսկեշող երազ,խայթած սեր, հեգ սիրտ , անմահ գինի

Համեմատություններ-Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով ,

Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման ,

Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես ,

Ատում եմ սերը` մահու պես անգութ

Նա հրեշի պես կրծքիս է նստել

Փոխաբերություններ-աղբյուրի նման մեղմ կարկաչելով ,

հովն էր շշնջում

գնա, մխրճվիր անապատի մեջ

Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր

Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար

—————————–

Աբու – Լալա Մահարին, Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի և վայելքի մեջ, Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց, Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, Սիրեց և փորձեց ընկերներին, Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները: Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց և խորագին ատեց մարդուն Եվ նրա օրենքները:

Եվ որովհետև չուներ կին և երեխաներ, Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին, Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով, Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, – Գաղտնի հեռացավ քաղաքից…

Սուրահ 1

Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. —
Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

– Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը,–
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն,
Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:

Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու, 
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն – ատելությամբ սրիտս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում, 
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու, 
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ 
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, 
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես
Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, 
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… –

Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ,
Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս – հեռաստանը:

Սուրահ 2

Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
Փոշի էր հանում, – փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:

– Քայլիր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը, –
Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ, 
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին, 
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:

Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ, 
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ:

Դու տենչացել ես լույս – ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
 Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-

Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
 Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:

Ոհ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար, 
Դու, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:

Ատում եմ սերը` մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, 
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:

Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ, 
Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:

Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ, 
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:

Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա, – 
Փախչում եմ նրա ճահիճ – մահիճից, և անիծում եմ երկունքը նրա:

Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի, 
Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի:

Սրիկա է նա, ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`
Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:

– Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ, –
Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:

Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա, 
Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:

Կըգգվեմ վայրի տատասկը դժնի և կըհամբուրեմ փշերը նրա, 
Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա: –

Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ – հատ հնչուն արցունքներ,
Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:

Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:

Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:

Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսում թողած – լքածին,
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:

Սուրահ 3

Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ`
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:

Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն, – 
– Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
 Եվ ո՞վ է պատմում բյուր – բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա, 
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա, 
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ, 
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ – անցնող քարավան, 
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:

Կույր ու գուլ մարդիկ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, 
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի, 
Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, 
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե – կավլե պիղծ հետքերը ձեր: 

Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա, 
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա: –

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:

Եվ արար – աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային,
Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

– Գնա, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս – ղողանջի հետ,
Վիշտս տուր հովին, քայլիր բնության ծոցը մայրական, և մի նայիր ետ:

Տար ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր, 
Սուրբ մենակություն, դու, իմ օազիս, դու, երազների աղբյուր զովաբեր:

Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան,
Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության, 
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք, 
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած: –

Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի, Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եվ քարավանը` օրոր ու շորոր քայլում է անդորր փիրուզյա հեռուն…

Leave a comment